ՌՈՒՍԱՍՏԱՆԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՎ ՇԱՐԺՄԱՆ ՄԱՍԻՆ
ՌՈՒՍԱՍՏԱՆԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՎ ՇԱՐԺՄԱՆ ՄԱՍԻՆ
Հետընտրական շրջանում Հայաստանում առաջացել է առանձնահատուկ մի իրավիճակ, երբ երկրի բնակչության մեծ մասը փաստորեն իրեն մատչելի եւ իրավական բոլոր եղանակներով հակադրվում է իշխող կլանին: Համաժողովրդական շարժումը Հայաստանում ոչ միայն չի թուլանում, այլեւ, ընդհակառակը, ծավալվում է նոր թափով, եւ արդեն այն 60% քաղաքացիներին, ովքեր քվեարկել էին համաժողովրդական շարժման թեկնածուի օգտին, ավելանում են նաեւ բնակչության նոր խավեր, որոնք սկսում են իրենց խաբված զգալ:
Ռուսաստանի իշխանական միջանցքներում ուշադրությամբ հետեւում են Հայաստանում տեղի ունեցող իրադարձություններին եւ փորձում ըմբռնել դեպքերի զարգացման իրական միտումները: Հարկ է նշել, որ ռուսաստանյան քաղաքագետներից շատերին սկսել են նյարդայնացնել Հայաստանի իշխող կլանի գործունեության եղանակներն ու հնարքները: Խոսքն այն մասին է, որ հայկական իշխանությունները պարզապես երկակի խաղ են խաղում:
Նախ, նրանք Ռուսաստանում ամեն կերպ ջանում են ապացուցել, թե Երեւանի փողոցներում ոչ թե ժողովուրդ է եղել, որը ոտքի էր ելել պայքարելու հանուն իր քվեի եւ իր ընտրության, այլ սոսկ հերթական արեւմտամետ գունավոր հեղափոխություն:
Երկրորդ, ընդ որում, մյուս կողմից էլ բուն Հայաստանում քաղաքացիներին հասկանալ են տալիս, թե բոլոր ուժային գործողությունները հավանություն են գտել Ռուսաստանի կողմից: Այսինքն, քողարկվելով ռուսաստանյան իշխանության թիկունքում, նրանք ստեղծել են նման երեւութականություն, օգտագործելով ավանդական միջպետական հարաբերությունները, որոնք, ի դեպ, հիմնադրվել են դեռեւս Լեւոն Տեր-Պետրոսյանի նախագահության օրոք, ինչպես նաեւ ոչ ջենտլմենաբար չարաշահելով այն հանգամանքը, որ Ռուսաստանի նախագահը չի միջամտել Հայաստանի ներքաղաքական գործերին` դա համարելով ներհայկական հարց: Նման ոչ այնքան պարկեշտ դիրքորոշումը չի կարող չանհանգստացնել ռուսական կողմին: Բնական է եւ միանգամայն հնարավոր, որ ռուսաստանյան նորացված կաբինետի միջանցքներում նման դավերին համարժեք պատասխան հասունանա:
Ներկա դրությամբ Ռուսաստանի բարձրագույն ղեկավարության շրջանում գերիշխում է այն կարծիքը, որ Հայաստանի իշխանությունները շարունակում են տանուլ տալ համաժողովրդական շարժմանը: Հայաստանի ղեկավարների բոլոր հարցումներն ու հավաստիացումները, թե ժամանակի հարց է, իրենք կլուծեն խնդիրները, կհանգստացնեն ժողովրդին, սին խոսքեր են դուրս գալիս: Ժողովուրդը պայքարում է եւ շարունակում է խտացնել իր շարքերը: Համենայն դեպս, պայքարի ու լարվածության թուլացման ոչ մի նշան չկա:
Հայաստանի իշխանությունները չունեցան ճգնաժամը հաղթահարելու ոչ մի իրական ծրագիր եւ հայեցակարգ` բացի ոստիկանական ու քրեական մահակների գործադրումից: Ռուսական իշխանությունները չեն կարող չնկատել, որ քաղաքակիրթ եւ քաղաքական բնույթի փաստորեն բոլոր առաջարկությունները լռելյայն մերժվում են հայկական իշխանությունների կողմից: Ռուսական գործիչների շրջանում առանձնակի վրդովմունք է առաջացնում այն, որ Հայաստանի իշխանությունները հրաժարվում են մարտի 1-ի եւ 2-ի դեպքերի միջազգային անկախ փորձաքննություններից: Մանկական խռովկանությունն ու ամենեւին էլ ոչ մանկական քինախնդրությունը վատ ուղեկիցներ են ազգային զորեղ պետության կառուցման ճանապարհին:
Ռուսական իշխանական փորձագետները (վերապահենք, որ խոսքը ծախու եւ շատախոս քաղաքագետների, ինչպես նաեւ նյումարքսիզմ-լինինիզմի ինստիտուտի ընկերների մասին չէ) հիանալի հասկանում են, որ նման քաղաքականություն շարունակելու դեպքում իշխանությունները ստիպված են լինելու կամ մեծացնել ազատազրկման վայրերը, կամ զանգվածաբար ազատ արձակել կալանավորներին, ազատություն տալով քրեական հանցագործներին: Ըստ էության, նման մոտեցումը ենթադրում է, որ իշխանությունները ամեն կերպ պետք է պարբերաբար, օրինակ` եռամսյակը մեկ, ֆինանսական հաշվետվություններից առաջ բանտ նետեն համաժողովրդական շարժման բոլոր նոր լիդերներին: Չի կարելի ասել, թե աշխարհում կամ պատմության մեջ չկան նման օրինակներ, սակայն դժբախտությունն այն է, որ դրանք բոլորը բավական կարճ ժամանակով են հաստատվում եւ ունենում են շատ տխուր վախճան:
Այս առումով զվարճալի տեսք ունեն իշխանությունների փորձերը` նորանշանակ կառավարությունը ներկայացնելու որպես մի ինչ-որ նոր ու առաջադեմ բան: Բայց դե, լարված ինտրիգների հետեւանքով ստացվել է իշխանության սոսկ մի դիմազուրկ ու թույլ մարմին, որն ավելի շուտ նման է հատուկենտ առկայծումներ պարունակող մի անդեմ զանգվածի:
Իրավիճակի վերլուծությունը, հատկապես վերջին իրադարձությունները ցույց են տալիս, որ հայկական իշխանությունները չեն կարող երկրի բնակչության շրջանում ծավալված բողոքի զանգվածային շարժման դեմն առնել: Հայաստանի ներքաղաքական դաշտում իշխանությունների կողմից հիմնական խաղացողները ոչ թե քաղաքական կուսակցություններն են կամ բարոյական հեղինակությունները, այլ ոստիկանական պատժաջոկատներն ու տեղական ոստիկանապետերը եւ ամբողջ ուժային ռեպրեսիվ մեքենան: Իրավիճակի պարզեցման նպատակով օգտագործվում է նաեւ քրեական տարրերի գործոնը: Որքան էլ իշխանական գաղափարախոսները փորձեն Հայաստանում իրենց առանձին շահերն ունեցող լալահառաչ քաղաքագետների կամ չինովնիկների կարծիքը ներկայացնել որպես Ռուսաստանի դիրքորոշում, միեւնույն է, վաղ թե ուշ պարզ կդառնա, որ ռուսական ղեկավարությունը նման թեթեւամտություն թույլ չի տա եւ խստորեն պատասխան կպահանջի նման մտքերի կազմակերպիչներից ու հեղինակներից: Ռուսական իշխանության համար պակաս կարեւոր գործոն չէ նաեւ այն բացասական վերաբերմունքը, որ Ռուսաստանի հանդեպ ձեւավորվել է ոչ միայն ռուս մտավորականության շրջանում, այլեւ հայկական համայնքում: Ըստ էության, հայկական իշխանությունները լիակատար պատասխանատվություն են կրում երկրում հակառուսական տրամադրությունների անուղղակի տարածման համար:
Ակնհայտ է, որ ձեռնարկվող ագրեսիվ գործողությունները, որոնք նպատակաուղղվում են համաժողովրդական շարժումը հակառուսական երանգներով ներկայացնելուն, արդեն ցանկալի արդյունքի չեն հանգեցնում: Նոր տեխնոլոգիաներ որոնելու ճանապարհին իշխանական գաղափարաբանները ավելի հեռուն են գնում: Բանը այնտեղ է հասնում, որ իշխանության գաղափարախոսական աջակիցների թեթեւ ձեռքով ի հայտ են գալիս Հայաստանում պարզապես հակառուսական կազմակերպությունների ստեղծման կազմակերպական գործողություններ: Հայկական հատուկ ծառայությունների ղեկավարությունը մի քիչ մոլորության մեջ է եւ սկսել է գերագնահատել իր հնարավորությունները:
Բուն Ռուսաստանում օրեցօր մեծանում է այն գործիչների թիվը, որոնք համարում են, որ Ռուսաստանի համար ավելի լավ է լինի զորեղ Հայաստան` տարածաշրջանում ռազմավարական դաշնակից, եւ ոչ թե երրորդ սորտի թույլ ծայրագավառ` անօրինական ղեկավարությամբ, եւ նրանք չեն կասկածում, որ այն իրավիճակը, որ ստեղծվել է Հայաստանում, շատ խնդիրների առջեւ կկանգնեցնի Ռուսաստանին: Շատերն են վստահ, որ Ռուսաստանի ղեկավարությունը մոտ ժամանակներս լրջորեն կմտորի այդ մասին:
Սա այն դասական դեպքն է, երբ առանձին չինովնիկների քրեական տարրերի շահերը վեր են դասվել երկրի շահերից: Սակայն ամեն արատավոր բան իր վերջն ունի, եւ թացն ու չորը պիտի զատվեն իրարից: